Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

.........

.........
30.01.2009 | 00:00

Տարոսը հաջորդ «ծեծողին»
Երեկ հետաքրքիր և մեր իրականությանը «խորթ» իրադարձություն է տեղի ունեցել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ խիստ նկատողություն են ստացել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալներ Թաթուլ Հակոբյանն ու Աբրահամ Մանուկյանը` պետական պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսևորելու համար: Վերջիններս, ինչպես մամուլն արդեն տեղեկացրել էր, «Կակտուս» ռեստորանում ծեծկռտուք էին սարքել, ինչի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել: Վարչապետի նկատողությունը, բնականաբար, շատ տրամաբանական էր և ուշադրության չէր արժանանա, եթե Հայաստանում ամեն պաշտոնյայի «սանձազերծած արշավանքներին» համապատասխան վերաբերմունք ցուցաբերվեր: Նախ` չէին լինի իրենք` «ոչ վայել վարքագծով» պաշտոնյաները, ապա և` նրանց «ջիպազգի» որդիները, որոնք չեն սահմանափակվում միայն ծեծելով, գործը հասցնում են մինչև վերջ, սպանությամբ են հարցեր լուծում: Միայն թե այս պարագայում Տիգրան Սարգսյանի գործն է դժվարանում, եթե որոշել է այսօրինակ որոշումների կայացումը ավանդույթ դարձնել: Ո՛չ թուղթը կհերիքի, ո՛չ թանաքը:
Ռ. Խ.

Սեպարատ բանակցություններ
Ըստ շրջանառվող լուրերի, նախագահ Սերժ Սարգսյանի և ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև վստահելի միջնորդների ջանքերով գլուխ բերված բանակցությունները, ի վերջո, հանգեցրել են համաձայնության։ Իշխանությունը պարտավորվել է տարբեր ձևակերպումներով ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրներին, իսկ ընդդիմությունն իր հերթին հավաստիացրել է, թե կնվազեցնի արմատական հայտարարությունների տոնայնությունը և չի դիմի ակտիվ գործողությունների։ Խոսակցություններ կան, թե նույնիսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ամռանը կամ ամենաուշը աշնանն անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ա. ՄԱՐՏՈՅԱՆ

Ճառ ասե՞մ, թե՞ շուն կռվացնեմ
Հունվարի 24-ին ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը մերձավորագույն շրջապատում նշել է իր ծննդյան 51-րդ տարեդարձը։ Թե ինչ և ինչքան են կերել ու խմել սեղանակիցները, ինչպիսի պերճաշուք էպիտետներով ծաղկեցրել ազգիս արժանավոր զավակներից մեկի կենացը, կարծում ենք, չարժե մանրամասնել։ Մի պստիկ երևակայություն ունենալու դեպքում կարելի է հանգիստ գուշակել թե՛ սեղանի «պարունակությունը»` «икра черная, икра красная, икра заморская, баклажанная» տարբերակով, թե՛ կենացների բովանդակությունը։ Բայց, ինչպես ուրիշի փողերը համրելն է տգեղ, ուրիշի կերածը հաշվելն էլ սիրուն զբաղմունք չէ, այնպես որ, հալալ թող լինի, մե՞զ ինչ։ Միայն թե նման «ազիզ» առիթով քեֆները չաղացնելուց հետո շուն կռվացնե՞լս որն է, մեղք չե՞ն էդ անլեզու հայվանները։
Իսկ որ քեֆից հետո սեղանակիցները գնացել են շախուշուխով շուն կռվացնելու, ինչը խիստ «արիստոկրատ» հոբբի է դարձել իշխանական վերնախավը ներկայացնող երևելիների համար, կարող եք չկասկածել։ Նույն վերնախավին մոտ կանգնած «չար լեզուներն» են ասել։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

ԵԽ-ում առևտուր «նի՛խտ»
«Այն գնահատականը, որ եթե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնից զրկել են, ուրեմն լավ չենք աշխատել կամ եթե չեն զրկել, ուրեմն լավ ենք աշխատել, դա հենց իշխանության կողմից խաբկանք էր` նետված հասարակությանը»,- երեկ հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը` պարզաբանելով, թե ԵԽԽՎ-ի որոշումն ինչ կապ կարող է ունենալ Ղարաբաղի հարցում: «Անուղղակի ձևով, իհարկե, Ղարաբաղի հարցը կապված է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների հետ: Մենք Ղարաբաղի հարցը միջազգայնացրել ենք և այդ հարցի լուծումը տվել ենք Արևմուտքին: Պարզ է, որ Արևմուտքին պիտի երևանք իրենց չափանիշներին համապատասխան երկիր: Բայց Ղարաբաղի հարցը ԵԽ-ում, որպես առևտուր, ուղղակի ձևով չեմ կապում»,- հավելել է Իգիթյանը:
Ռ. Խ.

Опять про любовь?
Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ցյուրիխում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման առնչությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում, մասնավորապես, ասվում է. «Հուսով ենք, որ կողմերը մոտ ապագայում կկարողանան հաղթահարել մնացած անհամաձայնությունները` խաղաղ կարգավորումն ապահովելու համար, ինչը բոլոր կողմերի համար ավելի լավ է, քան ստատուս քվոն: Մեր նպատակը հավասարակշռված և արդարացի համաձայնությունն է` տարածքային ամբողջականության, ինքնորոշման սկզբունքների, ինչպես նաև ուժի կիրառումից հրաժարվելու հիման վրա, սկզբունքներ, որոնք ամրագրված են հելսինկյան եզրափակիչ ակտում»: Համանախագահները նաև ընդգծել են, որ իրենք իրենց առաջարկներն են ներկայացրել նախագահներին, թե ինչպես ավարտուն տեսք տալ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքներին` հիմնված 2007-ի նոյեմբերին Մադրիդում ներկայացված առաջարկների վրա:
Ռ. Խ.

Խուսանավում են
«Մենք մտահոգված ենք համազեկուցողների աշխատանքում թափանցիկության բացակայությամբ, ինչն արտահայտվում է ընդդիմության հետ շփումներ ունենալու դժկամությամբ: Եթե նրանք հանդիպած լինեին ընդդիմության հետ, ապա իրենց փոփոխությունները նախապատրաստելուց առաջ ավելի ուշադիր և հանգամանալից կկարողանային ստուգել ունեցած տեղեկությունների իսկությունը` նկատի առնելով մյուս կողմի կարծիքը Հայաստանի ներքին հակամարտության հարցում: Սակայն նրանք դա չարեցին, և մենք հավատում ենք, որ դրա հետևանքով այս զեկույցի որակը, հետևաբար նաև վեհաժողովի վստահելիությունը զգալիորեն խաթարվել է»,- երեկ այսպիսի հայտարարություն է տարածել ՀԱԿ-ը` ԵԽԽՎ-ի վերջին բանաձևի առնչությամբ իր մտահոգությունը բարձրաձայնելով։ «Զարմանք է առաջացնում նաև այն փաստը, որ համազեկուցողները մեծ գովասանքի արժանացրին ներման այդ փաստը, առանց հաշվի առնելու այն, որ խնդրագրերը ստորագրած անձանցից շատերը, որոնք իսկապես քաղբանտարկյալներ էին, խնդրագրերը ստորագրել են ճնշման տակ: Ըստ էության, դեռևս 58 քաղբանտարկյալ այս պահին գտնվում է անազատության մեջ, հետևաբար, շատ դժվար է ընդունել այն փաստը, որ առաջընթաց է գրանցվել», -ասված է հայտարարության մեջ: Ընդդիմադիրները նաև կասկածի տակ են առնում ՀՀ քր. օր.-ի 225 և 300 հոդվածներում փոփոխություններ կատարելու իշխանությունների ցանկությունը` այն համարելով «խաբեության հերթական փորձ»: «Ելնելով մեր նախկին փորձից` վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները դիմել են այդ քայլին` ժամանակ շահելու և խնդրի լուծումից խուսափելու նկատառումներով»,- եզրակացնում են ընդդիմադիրները:
Ռ. Խ.

Դիտվել է՝ 2164

Մեկնաբանություններ